Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ինչ եմ ասում:

-Ասա, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դա դու չես էլ իմանում,որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. Մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:

-Ի՞նչ էիր մտածում:

-Ինչ ուզես: Օրինակ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես   կաթսայում: Ծով Ա. Ծուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

_Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտացում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Առաջադրանքներ՝

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ արևադարձ, բևեռ, ծովացուլ, օձաձուկ, կիսախուփ, իմաստուն
  • Արևադարձ-արևադարձը ամենա տաք երկիրն է:Բևեռ- բևեռը ամենա ցուրտ տեղն է:Օձաձուկ և ծովացուլ-կենդանիներ են:Կիսախուփ-կիսաբաց:Իմաստուն-խելացի,մտածող:
  • Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:-Միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը:
  • Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:- շոգ էր այնտեղ: Այդ երկրում մտքերը չեն սառչում: